«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Երբեմնի թիկնապահը, նախարարի սեղմած կոճակն ու լեգիտիմությունը

Երբեմնի թիկնապահը, նախարարի սեղմած կոճակն ու լեգիտիմությունը
27.06.2008 | 00:00

ԲԼԻՑՆԵՐ
«ԾԻԾԱՂԵԼԻ Է ԷԴ ԿՈՃԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԱՅՍՔԱՆ ՀԵՏՈ»
ԳՈՒՐԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
(կապի և տրանսպորտի նախարար)
-Պարոն Սարգսյան, «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շարունակությանն առնչվող խոսակցություններն անդրադարձ ունենո՞ւմ են իրականացվող աշխատանքների վրա:
-Ոչ. աշխատանքները գտնվում են բնականոն ընթացքի մեջ: Ներկայումս ծրագիրը շարունակության մասով ներկայացված է կորպորացիայի խորհրդի նիստի քննարկմանը:
-Մտավախություն ունե՞ք, որ այն կդադարեցվի:
-Ինչպես բոլորը:
-Իսկ ինչպե՞ս եք զգում Ձեզ նոր պաշտոնում:
-Հակասական զգացմունքներ կան. առաջին ամիսներն են, բնականաբար, ընտելանալու, ոլորտները պատկերացնելու խնդիր կա:
-Իսկ ինչպիսի՞ համակարգ եք ժառանգել Ձեր նախորդից:
-Համակարգը մեծ մասամբ նորմալ վիճակում է, որոշակի ձեռքբերումներ որոշակի ոլորտներում կան, բայց դրանք պետք է ավելացնել:
-Ի դեպ, ճի՞շտ է տեղեկությունը, որ Արթուր Բաղդասարյանն իր երբեմնի թիկնապահին «նշանակել» է տվել Ձեր ավագ խորհրդական:
-Թիկնապահի մասին խոսք չկա, ինքը մեր գործընկերներից է, նաև իմ երկար տարիների ընկերն է. ինքը թիկնապահ չի եղել, այո, իմ խորհրդականն է, ոչ գլխավոր, այլ ուղղակի:
-Բա ի՞նչ է աշխատել նախկինում:
-Տարբեր աշխատանքների է եղել. ոստիկանությունում, անվտանգության համակարգում:
-Դե, հրեն, Արթուր Բաղդասարյանը թող պահեր իր մոտ` ինքն էլ է արդեն անվտանգության «աշխատող», ինչո՞ւ էր «խորհրդի» ուղարկում Ձեզ մոտ:
-Ինքն ունի համապատասխան աշխատակից:
-Հուսամ` այդ նա «խորհուրդ» չէր տվել անել այն, ինչ Դուք արեցիք կառավարության ծրագրի քվեարկության օրը` քանիցս սեղմելով կոճակը` քվեարկության:
-Ես այդ խնդրին արդեն արձագանքել եմ, կարող եմ նաև Ձեզ համար ասել, չնայած ես էդ հարցն արդեն չեմ կարևորում. քվեարկություն չի եղել, կոճակն անջատված է եղել:
-Բա որ անջատված էր, ինչո՞ւ էիք այդքան համառորեն սեղմում: Եվ ապա` «արդեն չեք կարևորում», որովհետև մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանա՞լ. համ էլ` «Հայլուրն» «անձամբ» ցույց տվեց այդ ամենը:
-Ես հավատում եմ «Հայլուրի» մասով Ձեր վկայությանը, բայց կարծում եմ, որ դուք էլ ինձ պետք է հավատաք, որ կոճակը չէր աշխատում:
-Ես հավատում եմ Ձեզ. որ «կոճակը չի աշխատում», բայց տեսել եմ, թե Դուք ոնց էիք թղթի տակից` գաղտագողի, Ձեր ձեռքն առաջ տանում-գտնում կոճակն ու արագ սեղմում:
-Կոճակներն անջատված են եղել. նորից եմ ասում:
-Փաստորեն, Դուք Ձեզ խարակիրի էիք անում էդ պահին:
-Էդպիսի բան չի եղել: Համ էլ` ծիծաղելի է էդ կոճակների մասին խոսել այսքան հետո:
-Կարծո՞ւմ եք. իսկ ահա շատ փորձագետներ էլ կարծում են, որ դա հատուկ է արվել` տորպեդահարելու Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի հաստատումը` այն դարձնելով ոչ լեգիտիմ:
-Ես չեմ ընդունում այդ մոտեցումը:
-Այդ դեպքում Դուք, կամ ձեր կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որը նույն «Հայլուրով» հաջորդ օրը ելույթ էր ունենում, և թվաց` առիթը հենց այդ քվեարկությունն է, ոչինչ չասաց, երբ թվում էր, որ որպես երկրորդ սերնդի բարեփոխիչ, որպես կուսակցության առաջնորդ, նա պետք է որ հանրությունից այդ «թյուրիմացության» համար ներողություն խնդրեր:
-Ախր նման բան չի եղել:
-Դատի տվեք «Հայլուրին»:
«ԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ ՉԵՄ, ԻՍԿ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂԸ ԴԱՏԱՐԱՆՆ Է»
ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆ
(ԿԲ նախագահ)
-Պարոն Ջավադյան, օրերս ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին ծավալուն անդրադարձ կատարեց` հիշեցնելով ԿԲ-ի, եթե նուրբ ձևակերպենք` «բացթողումները», որի համար էլ ԿԲ-ն նրան դատի է տվել. որպես ԿԲ-ի նոր իրավահաջորդ, պատրաստվո՞ւմ եք արձագանքել պարոն Բագրատյանի ասածներին:
-Յուրաքանչյուր ոք կարծիք ունենալու իրավունք ունի: Պարոն Բագրատյանն այդ ասուլիսում նոր բան չի ասել. ասել է այն, ինչ արդեն հնչեցրել է դատական պրոցեսի ընթացքում: Կարծում եմ, ճիշտ կլինի հետևել գործի ընթացքին, սպասել դատական վճռին:
-Պարոն Ջավադյան, որ երկար մտածենք ու «շատ խորանանք», կարելի է նաև Ձեզ «լեգիտիմ» չհամարել. չէ, ոչ թե «ընտրակեղծիքների» պատճառով, այլ որ Տիգրան Սարգսյանը դարձել էր վարչապետ, բայց հրաժարական չէր տվել ԿԲ-ի ղեկավարի պաշտոնից:
-Հանգիստ եղեք` լեգիտիմ եմ: Նման հարց գոյություն չի ունեցել. պարոն Սարգսյանն իր ժամանակին դիմում գրել-պաշտոնից ազատվել է, դրանից հետո նոր դարձել է վարչապետ. պարզապես պետք է նայել ԱԺ կանոնակարգ-օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ կետը, որով կարգավորվում են այդ իրավահարաբերությունները:
-Գիտե՞ք, մինչ Ձեր ընտրությունը տեսակետ կար, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տվել, որովհետև քաղաքական իրավիճակը շատ փխրուն է, և չի բացառվում, որ նա կրկին հետ գնա ԿԲ. ընդ որում` սա պնդում էին շատ հայտնի փորձագետներ. չեմ ասում` քոչարյանամերձ, բայց` փորձագետներ:
-Դա պարզապես խոսում է այդ փորձագետների անլուրջ վերաբերմունքի մասին` առ Հայաստանի Հանրապետություն, առ Հայաստան երկիր ու պետություն:
-Ի դեպ, Դուք կիսո՞ւմ եք Տիգրան Սարգսյանի տեսակետը պետության վախճանի, «ինչպես հեղափոխություն անելու» մասին: Չէ, գրագետ ձևակերպեմ. Դուք ևս այդ արժեհամակարգի կրո՞ղն եք:
-Եթե խիստ լակոնիկ ձևակերպում տամ այդ հոդվածներում արտահայտված արժեհամակարգին, ապա խոսքը քրիստոնեական արժեքների մասին է, և կարծում եմ` այո, բոլորս ենք կիսում այդ արժեհամակարգը, քանի որ բոլորս քրիստոնյաներ ենք:
-Իսկ որպես քրիստոնյա, աղոթո՞ւմ եք մեր քաղբանտարկյալների համար:
-Ոչ, որովհետև մենք չունենք քաղբանտարկյալներ:
-Իսկ ձերբակալվածները` Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Արշակ Բանուչյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը.... ի՞նչ են: Քրիստոնյայի Ձեր վերաբերմունքն այդ ամենին:
-Ես քաղաքական գործիչ չեմ, իսկ որոշում ընդունողը դատարանն է:

Ճեպազրույցները` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 4567

Մեկնաբանություններ